Հարաբերությունները՝
կամովի:
Մեկուսանալը՝ ճակատագիր:
Աբբաս Քիառոստամի
Ահա այս գեղեցիկ բանաստեղծությամբ է սկսում վերջերս լույս տեսած «Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը, որտեղ ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների բանաստեղծությունները:
Բլոգի համար ընտրել եմ ինձ ամենից շատ դուր եկած ստիխները, որոնք ներկայացնում եմ ստորև: Վայելե՛ք:
***
Գալ
ու գնալուն սպասելով
մնալ:
Ալիռեզա Ռոշան
***
Մայրս ասում է –
մի նեղվիր, կգա անշուշտ:
Ավաղ, չգիտի՝
ես եմ կորածն այս հեքիաթի:
Ռեզա Քազեմի
***
Կարոտը
մայր է, որ տան դուռը
կիսաբաց է պահում
միշտ:
Ալիռեզա Ռոշան
***
Հուղարկավորություն
Հայրիկիս գերեզմանին,
ինչպես մանուկ հորի խորքում,
լացեցի,
ու մորս գերեզմանին,
հորի եզրին կանգնած խենթի պես,
ծիծաղից թուլացա,
այդ օրը
մայրս
բոլորի աչքից հեռու
խուտուտ էր տալիս ինձ:
Վահե Արմեն
***
Կարանտին
Այն, որ գիտեմ՝ չկա քեզ նմանը,
Ավելի սարսափելի է,
Քան փաստը, որ դու չկաս:
Մորթեզա Դելավարի Փառիզի
***
Ցավս
մոմը գիտի,
որը վառում են
այլ բան տեսնելու համար:
Ալիռեզա Ռոշան
***
Աշնանը լուսինը
փայլով առաջին
ցնցեց
ապակին լուսամուտի:
Աբբաս Քիառոստամի
***
Այսքան մի վատաբանեք խավարը,
դուք, ում ճրագի վաճառքը
նույն խավարին է պարտական…
Շամս Լանգեռուդի
***
Սիրո ժամ
Ձեռքին երբեք ժամացույց չկար:
Մի օր հարցրեցի –
ինչպե՞ս է ստացվում՝
միշտ ճիշտ ժամին ես հասնում հանդիպմանը:
Ասաց –
արեգակից եմ ժամը հարցնում:
Հարցրեցի –
Իսկ անձրևային օրերի՞ն:
Ասաց –
անձրևային օրերին բոլոր ժամերը սիրո ժամ են:
Հա, հիշեցի՝
անձրևային օրերին
միշտ թաց էր:
Վահե Արմեն
***
Ի՜նչ տխուր է ձկնիկի ճակատագիրը,
երբ զույգի երազանքով
օվկիանոս է հասնում,
ուր կետերն են սիրահարվում նրան:
Ռեզա Քազեմի
***
Եթե սիրահարվես,
օրորոցային էլ սովորիր, պետք կգա.
կյանքիդ մնացած գիշերները
այդքան էլ հեշտ
չեն լուսանա:
Մահդիյե Լաթիֆի
***
Ի սկզբանո
մեր ուղիները մի քիչ
առանձնացած էին իրարից.
դու պոետի պես էիր սիրահարված,
ես սիրահարվածի նման
բանաստեղծում էի:
Երկուսս էլ կորանք.
ես՝ երազանքի ավարտում,
դու՝ չավարտված բանաստեղծության մեջ:
Վահե Արմեն
***
Օգուտ չկա
օրերը մաքրագրելուց,
սևագիրը
դեն չես նետի:
Փունե Նեդայի
***
Մի կտոր հացը
բաժանում է հինգ
սոված երեխայի մեջ
ծննդկանը:
Աբբաս Քիառոստամի
***
Փոթորիկ
Եթե կարողանայի
հասնել նրան, ով
կկարդար հոգիս,
այլևս չէի բանաստեղծի:
Գետի պես,
որ օվկիանոս է հասնում:
Սառա Մոհամմադի Առդեհալի
***
Բանաստեղծությանս պատուհանի հետևում
կանգնած՝ քեզ եմ նայում,
իմ միակ ուրախությունն ես
և լոկ
այս պատուհանից ես երևում:
Ռասուլ Յունան
***
Զարմանում եմ
քամու վրա՝
վարսերիդ է փաթաթվում,
բայց
չի մնում անխելքը:
Ալիռեզա Ռոշան
***
Վախս է՝
մի գիշեր որոշես երազիս գալ,
իսկ ես
քեզ սպասելով արթուն մնացած լինեմ:
Սեյեդ Ալի Սալեհի
***
Ի՜նչ նման է
կարճ բանաստեղծությունը
խաղաղությանը,
ու երկար նամակները՝
պատերազմին:
Վահե Արմեն
***
Կվերադառնաս,
բայց այնքա՜ն ուշ,
գուցե հաջորդ կյանքում,
ուր ես թռչուն դարձած
կրկին զույգ եմ փնտրում:
Ռեզա Քազեմի
***
Բարձր
Մի պահ աչքս քեզ ընկավ.
վիզս դեռ ցավում է:
Մորթեզա Դելավարի Փառիզի
***
Պատասխան չես ստանա:
Նայիր հեռուն,
պատասխանն այնտեղ է,
ուր կմոռանաս՝
ինչ էիր ուզում:
Շահաբ Մողառաբին
***
Սևազգեստ մարդն ու կատուն
Սևազգեստ մարդը
ամբողջ գիշեր
մութ սենյակում
փնտրում էր կատվին,
որն ամբողջ գիշեր
սենյակից դուրս,
լուսնի լույսի տակ,
գորտերով ու ջրաշուշաններով լի
լճակին էր նայում:
Վահե Արմեն
***
Աշնան երեկո
Այս երեկոն
Ինչքան տխուր է,
ասես
բոլոր գնացքներով ու
ավտոբուսներով
դու ես հեռանում:
Ռուսալ Յունան
***
Add me as a friend
Էլփոստս ստուգելու համար
ամեն անգամ
հեռախոսիդ համարն եմ հավաքում.
գաղտնաբառս չեմ փոխել:
Դեռ
հեռախոսիդ համարը
խոսում է հետս
անզանգ,
անձայն:
Սառա Մոհամմադի Առդեհալի
***
Ծանր երեկո
Ձեռքս
ձգվում է դեպի հեռախոսը
ու հետ քաշվում
երեխայի պես, ում ասել են՝
սեղանի քաղցրավենիքը
հյուրինն է:
***
Երբ ասում են՝ չկա,
միևնույն է՝ հույս թե լույս,
ես քեզ եմ հիշում:
Ալիռեզա Ռոշան
***
Երազ տեսա՝ մենակ էի,
արթնացա,
կատարվեց:
Ալիզեռա Ռոշան
***
Խաբեություն
Հիմնը հնչում է,
բոլորս կանգնում ենք,
ժպտում
ու արտասվում:
Հիմնն ավարտվում է,
բայց դեռ կանգնած ենք,
աթոռները գողացել են,
հողը՝ վաճառել,
այլևս նստելու տեղ չունենք:
Վահե Արմեն
***
Հարցրել եմ խնձորին
իր դրախտային լինելու մասին,
ոչ մի բան չգիտի:
Շամս Լանգեռուդի
***
Բառը
Այն ցավոտ բառն ասաց,
լռեցի,
լքեցի սենյակը:
Երեք տարի անց
վերադարձա.
հյուրերը գնացել էին,
բառն այնտեղ էր:
Սառա Մոհամմադի Առդեհալի
***
Մոր գրկում
Երեխան
մոր գրկում
հայացքը ձգեց ձմռան երկնքին,
արևին՝ դողացող,
ու հարցրեց՝
չի՞ մրսում:
Վահե Արմեն
***
Ծանր ձյուն տեղաց.
մի ծառ սիրունացավ,
մյուսը՝ կոտրվեց:
Շահաբ Մողառաբին
***
Ոմանց համար
Գագաթը հասնելու,
սարի համար
ձյունոտ կետ է:
Աբբաս Քիառոստամի
***
Փոքր է երևում,
ստորոտից
նա, ով գագաթից
քեզ փոքր է տեսնում:
Ալիռեզա Ռոշան
***
Դրախտ չե՛մ գնա,
եթե մայրս այնտեղ չլինի:
Հոսեյն Փանահի
***
Չքավորը
Ո՛չ դրախտի,
Ո՛չ դժոխքի,
պարտքերի մասին է մտածում չքավորը
մահվան շեմին:
Ռասուլ Յունան
***
Բարձրունքից վախ ունեմ՝
ընկել եմ:
Հրից վախ ունեմ՝
այրվել եմ բազմիցս:
Բաժանումից վախ ունեմ՝
երկատվել եմ շատ:
Մահից վախ չունեմ՝
չեմ մեռել երբեք,
գեթ մեկ անգամ:
Աբբաս Քիառոստամի
***
Սիրտս
առանձին հանձնեք հողին՝ փխրուն է:
Աբբաս Քիառոստամի
***
Այսպես թե այնպես
մահը սևեռված է մեզ վրա,
արի,
մենք կյանքի վրա սևեռվենք:
Ռեզա Քազեմի
***
Ե՞լք, թե՞ մուտք
Մեկն ասաց –
մահը մութ թունել է՝ բոլորը պիտի անցնեն:
Մյուսն ասաց –
ո՛չ, սեփ–սև փոս է՝ բոլորը պիտի ընկնեն:
Երրորդն ասաց –
կսպասեմ՝ ձեզնից մեկը վերադառնա:
Հաֆեզ Մուսավի
***
Բավական է՝ հասնես,
օրինակ՝ ծառին,
հետո
հեռանալն է սկսվում:
Ալիռեզա Ռոշան
***
Բանաստեղծությունների վերլուծություն չեմ ուզում անել, քանի որ ինչպես Էլիոթ Ուայնբերգերն է ասում՝ «ցանկացած բանաստեղծության ընթերցանություն՝ անկախ դրա լեզվից, թարգմանության գործընթաց է՝ թարգմանություն ընթերցողի ինտելեկտուալ և զգացական աշխարհ, և քանի որ ընթերցողի հոգեկան աշխարհը ժամանակի հետ փոխվում է, կարելի է ասել, որ նույն բանաստեղծությունը երբեք չես կարող կարդալ երկու անգամ»: Եվ ուրեմն, երկու մարդ երբեք չեն կարողանա կարդալ և վերլուծել միևնույն բանաստեղծությունը:
Հ.Գ. Ի դեպ, «Աստիճան ըստ ցելսիուսի» գիրքը ջերմազգայուն է, և ամեն մեկը ընթերցելիս կարող է գրքին հաղորդել իր սեփական ջերմությունը:
Գրքի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար կարող եք կարդալ Newmeg-ի հոդվածը:
Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է ձեռք բերել “Աստիճան ըստ Ցելսիուսի” Իրանական արդի պոեզիա գիրքը։ Կխնդրեմ ասեք որտեղից և ինչ արժեքով
LikeLike
Հարգելի Խաչատուր, համեցեք Մաշտոց 31 հասցեում գտնվող MYbookstore գրախանութ ամեն օր ժամը 10:00-21:00: Գրքի արժեքն է 3,800 դրամ:
LikeLike