Եղիշե Չարենց․ «Երկիր Նաիրի»

2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ օրը և իմ ծննդյան 28-ամյակին արտերկրում ապրող, ազգությամբ հայ Անուն Ազգանունից մեսսիջ ստացա, որով շնորհավորում էր ծնունդս ու «Շահումյանի ազատագրումը»։ Գուգլեցի՝ որտեղ և ումն է Շահումյանը, նամակից բան չհասկացա ու մոռացա դրա մասին։ Հետո եղավ այն, ինչ եղավ։ Ու միայն մի քանի օր առաջ եմ գլխի ընկել, թե ընթադրաբար ինչ կարող էր նշանակել էդ նամակը։ Դե, մոտավորպես սենց մի բան՝

«- Յոթ օրից Էրզրում կլինենք» – պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ․ Վառոդյանը պ․ Դրաստամատյանի գլխին, ու նայեց նրան, հաղթական։

Չարենց, «Երկիր Նաիրի»

Բուն TV-ի «Երկիր Նաիրի» հաղորդաշարի հյուրերից մեկն ասում է պետք չէ համեմատել «Երկիր Նաիրին» 44-օրյա պատերազմի հետ, այլ պետք է ընկալել չարենցյան ժամանակաշրջանի՝ մասնավորապես կոմունիզմի կոնտեքստում։ Սակայն էլ ու՞ր կմա Չարենցի հանճարը, եթե նրա վեպը հնարավոր լիներ տարածել միայն մեկ կոնկրետ ժամանակաշրջանի վրա։ Ինձ համար «Երկիր Նաիրին» ոչ այլ ինչ էր, քան գիրք, որի միջոցով գոնե մի քիչ հասկացա մեր բոլոր պարտությունների (հատկապես վերջին, որն իմ աչքով եմ տեսել ու զգացել) պատճառը։ 44-օրյա պատերազմի հետ նմանությունները՝ հատկապես ճառերի մակարդակով, ապշեցուցիչ են՝

Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին․․․

Պետք է ժողովրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը։ Թող գրվի՛, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու- թող գրվի՛ նա կամավոր․․․

Վեպը պատմավեպ չէ, քանի որ, եթե չունենաս պատմական գիտելիքների հիմք, թե ինչ էր կատարվում հայերի հետ և աշխարհում 1914-1925 թվականներին, վեպում շատ հարցեր կմնան անհասկանալի։

Ստեղծագործությունը չունի վեպին հատուկ լեզու և կազմվածք։ Չարենցը կիրառել է մի պոպուլիստ գրական հնարք, որը ես, մեղմ ասած, չեմ սիրում․վեպի շարադրանքում խոսում է ընթերցողի հետ և մի շարք հարցերում որոշումը թողնում ընթերցողին։ Վեպի լեզուն 1920-ականների հայոց լեզուն է, և ես պարզապես ուրախ եմ, որ մեր լեզուն մաքրվել է, և այժմ ունենք այն հայերենը, որն ունենք։ Կարծում եմ, այս մասով վեպում պետք է լինեին որոշ ծանոթագրություն-բացատրություններ, քանի որ գավառական լեզվի մի շարք արտահայտություններ ու անուններ անհասկանալի են։

Չարենցը նշում է, որ իր վեպը չունի հերոսներ։ Ինձ համար կային երկու հիմնական կերպարներ կամ հերոսներ, որոնց փորձում էի ուշադիր հետևել ամբողջ վեպի ընթացքում՝ Մազութի Համոն և պ․ Մարուքեն։ Մազութի Համոն մեծահարուստ էր, այն անհատներից, որոնք գիտեն, թե ինչպես և որ ուղղությամբ վիզը ծռեն, ինչպես մաքսիմալ օգուտ քաղեն տարբեր ճգնաժամային իրավիճակներում։

Պ․ Մարուքեն մեկ անգամ Բեռլին (որը թերևս վեպում խորհրդանշում է ողջ Արևմուտքը) տեսած միջին խավի ներկայացուցիչ է, որը հակումներ ունի խաղամոլության ու խմիչքի հանդեպ։

Ես նայել եմ Բուն TV-ի «Երկիր Նաիրի» խորագրի բոլոր հարցազրույցները, որոնք վարում է գրականագետ Թագուհի Ղազարյանը, որը տարբեր գրականագետների, պատմաբանների, արվեստաբանների և այլ ոլորտի մասնագետների հետ քննարկում է «Երկիր Նաիրի» վեպը։ Կարծիքները, ընկալումները այս վեպի մասին շատ տարբեր են, երբեմն՝ հակասական։

Հարցազրույցներից մեկում նշվում է, որ Չարենցը վեպի վերջում գովերգում է սոցիալիզմը։ Ինքս նման բան չեմ նկատել․ ինձ համար Չարենցն ակնհայտ արևմտամետ է այս վեպում՝ հանձին պ․ Մարուքեի, որի հանդեպ, չնայած վեպի երգիծական բնույթին, նկատել եմ Չարենցի համակրանքը։

Շատ հակասական է Մազութի Համոյի կերպարը։ Որոշ ընթերցողներ համակրում են նրան, սակայն վեպը կարդալիս ինձ անընդհատ թվում էր, որ ինչպես ես, Չարենցը նույնպես բոլոր ձախողումների համար մեղադրում է հենց մազութիհամոյական վարքագիծը, որը սահմանափակվում է շատ նեղ անձնական ու միջավայրային շահերին հետամուտ լինելով և բացարձակապես զուրկ է քաղաքական ու ազգակենտրոն դրսևորումներից։

․․․ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, և ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով․․․

Հետաքրքիր է, որ Չարենցի այն միակ երկու կերպարները՝ պ․ Մարուքեն և Կարո Դարայանը, որոնք հասկանում էին տիրող համաշխարհային քաղաքական իրավիճակը և ամեն կերպ փորձում էին քարոզել թուրքի հետ լեզու գտնելու և վերջնական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, որակվեցին պառակտիչներ, ինչպես հիմա են նույն գաղափարի կողմնակիցներն անվանվում «սորոսականներ» և դավաճաններ։ Այնինչ, երբ հերթը հասնում է կռվելուն և ոչ թե ճառեր ասելուն, կռվի դաշտ մեկնում է Կարո Դարայանը և ոչ մյուս բոլորը, որոնք թուրքի արյուն են տենչում և յոթ օրում Էրզրում հասնում։ Այդպիսինները զինվորական համազգեստ հագած ֆռֆռում էին Կարսում և ոչ թե ռազմաճակատում, իսկ Կարսի անկման ժամանակ կանացի շորեր հագած փորձում էին փախչել։

Երևակայու՞մ եք ՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության․ ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ, ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը․․․

Պ․ Մարուքեն գովերգում է Եվրոպան և այն միակ սև շենքը Կարսում, որն ունի Եվրոպական ճարտարապետություն։ Վեպն ընթերցողներին սա կարող է թվալ օտարամոլություն և քաղքենիություն, սակայն, քանի որ պ․ Մարուքեն, համոզված եմ, սիրում էր Կարսը ավելի, քան մյուսները, նա պարզապես ուզում էր, որ մեր հայկական քաղաքներն էլ լինեն այնպես սիրուն ու կայացած, ինչպես արևմտյանները։ Հենց ինքը Չարենցն էր միշտ նեղվում Կարսի գավառականությունից ու փոքրությունից․ նա ուզում էր, որ հայկականը նույնպես տարածություն ունենա։

Իմ փորձով գիտեմ, թե ինչպես կարող ես սխալ ընկալվել։ Երբ մեկ տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձա Հայաստան ու այժմ շատ բաների մասին, որոնք առաջ էլ էի նկատում, բայց լռում, բարձրաձայնում եմ տարբեր հարթակներում, նկատում եմ ու լսում «սուր» ակնարկներ օտարամոլությանս մասին։ Բայց, անկարող եմ բոլորին բացատրել, որ ուղղակի ուզում եմ, որ մեզ մոտ էլ ամեն ինչ լինի լավ, քանի որ, հակառակ դեպքում,ինչու՞ պիտի «մի ողջ ազգ» ցանկանա արտագաղթել։ Ինչու՞ չաշխատել ու չստեղծել մի երկիր, որը դարեր շարունակ փնտրում ենք։ Ի դեպ, վեպի վերջը ես հասկացել էի հենց էդպես, որ Չարենցը գովերգում է աշխատանքը ու դրա կարևորությունը և ոչ թե սոցիալիստական համակարգը։ Իսկ, իմ խորին համոզմամբ, «երկիր» դառնում են բոլոր բնագավառներում ամենօրյա նվիրված, պարտաճանաչ ու գիտակցված աշխատանքի միջոցով։

Ինչու՞ չենք գտնում Երկիր Նաիրին։ Շատ մանր պատասխաններ կտամ այս խոշոր հարցին՝

Ամեն ինչը կիսատ անելը

Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի․ հացթուխի խանութում միևնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել և գրվանքաներով ծախում է ուզողին։ Կտորեղեն ծախողը – հակերով բրինձ է վաճառում, կամ շաքար, կամ լուցկի։ Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում․․․

Մինչև օրս էլ ոչ մեկն իր գործը նորմալ չի ուզում անել, կամ ուզում է անել հարյուր բան ու բոլորն էլ՝ կիսատ։ Ո՞նց կարելի է լինել պարզապես լավ կոշկակար, բժիշկ, ճարտարապես, ուսուցիչ․․․

Անցյալին կառչած մնալը

․․․տանում եմ կամքիս հակառակ, որովհետև այո, հարկավոր է տանել։ Չէ՞ որ, այո՛- թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն․․․

Մենք չենք թաղում։ Մենք ծովից ծով ենք ուզում, մենք անցյալում ենք ապրում, մենք չենք տեսնում ու սիրում քթներիս տակի հայրենիքը, բայց երազում ենք կորցրածը հետ բերելու մասին։

Խաղամոլությունը/ղումարբազությունը

Հայտնեց, հայտնեց՝ թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած՝ թղթախաղային սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքևում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը։

Վեպում թղթախաղը, թղթախաղային սեղանը նշվում են տարբեր հատվածներում և ոչ մեկ անգամ։ Ու նորից ստանում եմ մի հարցի պատասխան, որի շուրջ նույնպես հաճախ եմ մտածում՝ խաղամոլությունը Հայաստանում։ Ու հիմա հասկանում եմ՝ ինչի են «վիվառոները» ու կազինոները էդքան տարածված, քանի որ բանը դերերի խորքից է գալիս։ Պարապությու՞նն է մղել հայ տղամարդկանց խաղալ, արկածախնդրությու՞նը, փողի մոլուցքը․ չգիտեմ, բայց կարծում եմ էս հարցը մանրամասն պիտի ուսումնասիրվի։ Ինձ համար դեռ հարց է մնում՝ ինչու է վեպի գլխավոր կերպարներից մեկը՝ պ․ Մարուքեն, որն այն եզակիներից էր, որ ըմբռնում էր իրավիճակի ողջ լրջությունը, նույնպես խաղամոլ, և պատերազմի նախօրեին մեծ գումար էր պարտվել։

Պոռոտախոսությունը

Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին, շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն։

Ու հիմա էլ ամեն օր, ամեն օր․․․

Դատարկախոսությունը

Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դու՛ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն։

․․․այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր- իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար- միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին․․․

Շատ խորհրդանշական է վեպի վերջին տեսարանը, որտեղ ոսոխը կախում է Մազութի Համոյին։ Բուն TV-ի «Երկիր Նաիրի» հաղորդաշարի ընթացքում հայ ժամանակակից գրող Գրիգն այս տեսարանը համեմատում է Քրիստոսի խաչելության հետ։ Ես երկար էի մտածում՝ ինչ է ուզում այս տեսարանի միջոցով ասել Չարենցը։ Արդյոք նա քավության նոխազ է սարքում Մազութի Համոյին՝ ինչ-որ տեղ սրբելով նրա բոլոր մեղքերը։ Ամեն դեպքում, չեմ կարծում, քանի որ Չարենցն ամբողջ վեպում դառը հումորով ծաղրում է Մազութի Համոյին, ու թերևս այս տեսարանն էլ հերթական սարկազմ է։

Բայց, ինչպես Չարենցն է նշում վեպում, մեր հարցերը միայն մեզանից կախված չէին (չեն), այլ Կենտրոնաուղեղասարդից, որի թելերը հասնում էին (են) աշխարհի տարբեր կետեր։ Իսկ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դարեր հետո անկախություն և ինքնիշխանություն վերականգնելով, ցանկացած պետություն պետք է շատ խելամիտ ու զգույշ լինի ամեն բառի, ամեն հարցի ու ամեն ամեն ինչի նկատմամբ։

․․․ Նաիրի բառը ոչ թե գոյական է, այլ- եթե միայն կարելի է քերականության մեջ սենց ասել, – «մազութի համոյական»․․․

Հ․Գ․ Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել։ Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑