Գրիգ․ «Friedensdorf»

«աշխարհում մեռնելու համար ամենլավ տեղը լեռան վրա է, շարունակում է Հայկը, իր բառերը չեն, իրենը չեն, առավել ևս եթե էդ լեռը Էվերեստն է, շարունակում է, ձայն իրենն է, բառերն՝ ուրիշինը, դեռ չգիտես՝ բառերում մարդիկ կան միշտ, բառերումդ մարդիկ են ապրում, ու նրանց երազները քո երազներն են դառնալու, ու նրանց վախերը վախերն են դառնալու քո, ձայնն իրենն է, բառերն՝ ուրիշինը, դեռ չգիտես՝ ուրիշի բառերը պատեր են դառնալու շուրջդ․․․»։

2016-ի պատերազմի ժամանակ «Ա1+» լրատվականում թարգմանիչ էի աշխատում։ Շաբաթ օր էր, ես միշտ շաբաթ օրերին աշխատանքի էի, ու շաբաթները միշտ սովորականից հանգիստ ու անլուր էին անցնում։ Մտա գրասենյակ, խմբագրիս՝ Հասմիկի ձայնն եմ հիշում, որ արագ անցնեմ թարգմանելու։ Ամբողջ 2016-ի ապրիլին թարգմանում էի պատերազմը, չէի գտնում անհրաժեշտ թարգմանություններ․ համալսարանում չէին սովորեցրել պատերազմ թարգմանել։ Երբ կարդում էի վեպի այն հատվածները, որոնք ուղղակի մեջբերումներ են 2016 թվականի լրատվականներից, մտքումս ակամայից անգլերեն էի թարգմանում հատվածները, որոնք 8 տարի առաջ ամեն օր թարգմանել էի։ Երբ Ադրբեջանն առաջին անգամ «Սմերչ» օգտագործեց, հիշում եմ՝ ժամերով ման էի գալիս, որ ճիշտ թարգմանեմ էդ զենքի անունը։ Երբ հրապարակվում էին զոհված զինծառայողների անուն-ազգանունները, սկսվում էր արցունքների հեղեղը․ նույնը պատահում էր վեպի միջակետերը կարդալիս։

Ընդհանրապես, «Ա1+»-ում սկսնակ էի, ու հիշում եմ հենց 2016-ի պատերազմի օրերին, թե Մինսկի խմբի հանդիպումներից մեկից հետո տարածած հաղորդագրությունը թարգմանելիս սխալ էի թարգմանել՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը կարծեմ հայ-ադրբեջանական սահման էի թարգմանել, ու հիշում եմ՝ ոնց խմբագրություն զանգեց Արթուր Սաքունցը, Կարինեն էլ եկավ ու ասեց, որ փոխեմ։ Գետինն էի մտել, շաբաթներ շարունակ չէի կարողանում մոռանալ կոպիտ սխալս։ Ես դպրոցում ու համալսարանում վատ չեմ սովորել, թերևս լավերից մեկն եմ եղել, բայց մի բան սխալ էր մեր կրթական համակարգում (գուցե նաև՝ է, ներկայի մասին ոչ մի պատկերացում չունեմ)։ Մեզ դպրոցում չէին սովորեցնում պատմություն, կարևոր պատմություն, հայոց պատմություն առանց պաթոսի, հայոց նորագույն պատմություն, չէին սովորեցնում։ Տեսականորեն կային էդ բոլոր առարկաները, բայց թվականներ, անուններ անգիր անելու մակարդակի, ու ոչ մի վերլուծություն, քննարկում, անձնական կարծիք, այլ գրատախտակի մոտ անգիր ասվող տողեր։

Առաջին անգամ Արցախյան հարցի պատմության մեջ խորացա ու հասկացա, երբ սկսեցի շրջագայություններ անել Հայաստանում օտերերկրյա տուրիստների համար․ Արցախյան հարցը հիմնական քննարկվող թեմաներից էր։ Մի երկու անգամից հետո  պարզ դարձավ, որ պետք է հիմնովին տեղյակ լինեմ թեմային, հակառակ դեպքում չեմ կարող տուրեր անել։ Անդադար ավագ ընկերներիցս էի սովորում այն, ինչը դեռ դպրոցից պիտի իմանայի։

Դպրոցում չէինք սովորում, բայց ուրիշների ձայնով պատմություններ լսում էի/էինք ամեն օր։

Մորս քեռին օդաչու էր, զոհվել էր աֆղանական պատերազմում։ Մայրս միշտ ասում է, որ նրա նման մարդ չկա, չի տեսել մինչ օրս, ու եթե չզոհվեր, իրենց ընտանիքի ճակատագիրը հիմա լրիվ այլ կլիներ։

Մորական պապիս հայրը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ է անհետ կորել, պապս անհեր է մեծացել գերմանացիների պատճառով, բայց գերմանացի ամուսնուս սիրով ընդունեց։ Էս հարցը միշտ տալիս եմ ինքս ինձ․ գերմանացուն ներեցին(ք), երևի որովհետև զղջաց, մինչև հիմա ամաչում է իր պատմությունից, Friedensdorf-եր կառուցեց ու դարձավ Եվրոպայի հզորագույն երկրներից մեկը։ Մի քանի օր առաջ էլ գերմանացի ամուսնուս հետ նստած “Schindler’s list”-ն էինք նայում, ու մտածում էի՝ տեսնես երբևէ որևէ թուրք կնստի ու կնայի Հայոց ցեղասպանության մասին պատմող որևէ ֆիլմ։

Այ թուրքերին չենք ներում, ներենք էլ, մեկ է, չենք վստահելու, գիշերները միշտ մի աչքը բաց ենք քնելու, որ հանկարծ կգա ու կմորթի։

Հորս կողմը Ղարաբաղից է։ 90-ականներին Մարաղա գյուղն են կորցրել, հորական պապս մեծ տատիս անտառներով փախցրել Երևան է բերել։ 90-ականների պատերազմին հորս ընկերը ոտքն էր կորցրել, 2020-ին կորցրեց եղբոր որդուն ու Շուշիի իր տունը․․․ ու սենց յուրաքանչյուրդ կպատմի իր պատմությունը, մեկը չէ, երկուսը չէ․․․

Ես ինձ միշտ հարց եմ տալիս՝ կգնայի՞ կռվելու, եթե տղա լինեի։ Ինձ թվում է՝ չէի գնա․․․ Չէի գնա, որովհետև կվախենայի։ Չէի գնա, որովհետև ֆիզիկական հաշմությունը նույնքան ծանր եմ տանում, որքան վեպի հերոսը, որովհետև․․․

«․․․վիճում են, մազերին չէ, որ նայում ես, Կամիլն ու Հայկը վիճում են, չի կարողանում, ասես վարդի կոկոններ լինեն, չբացված վարդեր են, պատկերը հանգիստ չի տալիս, չի ջնջվելու, մեծանալու է քեզ հետ, , ես երդվում եմ, որ երեխաներ չունեմ, խոստովանելու ես, ես թիրախ եմ՝ ինչպես դու, ինչպես բոլորը, բայց չեմ ուզում շարունակվել ուրիշի մարմնում ու փուլ եմ գալիս․․․»։

Չէի գնա, բայց նաև դրա պատճառով երբեք կողմ չեմ եղել պատերազմներին, այլ խելամիտ զիջումներին, քանի որ նրանք, ովքեր տանը նստած հոխորտում են պատերազմների մասին ու հողեր ազատագրում, երբեք պատերազմ չեն գնում, նրանք հողեր են ուզում ուրիշի, ուրիշի որդու, ուրիշի ձեռքի, ուրիշի ոտքի, աչքի, մաշկի, գլխի գնով, իսկ դա անբարոյականություն է։

«վախը չվերջացող մահ է, վախը ամենասարսափելի բանն է, որ կարող է պատահել քեզ հետ․․․»

«թույլերի խոսքն է, զայրանում է, ասա՝ լավ եմ անում, ասա՝ թքած ունեմ քո՛ էլ, քո՛ խոսքի վրա էլ, բայց մի՛ասա՝ չեմ կարողանում, զայրանում է, չեն խնայի, չեն հարգի, գիտես, ոչ ոք չի խնայի, չի հարգի․․․»

Ծանր գիրք է, շատ ծանր․ նայում էի՝ դրված գրասեղանիս, ոնց որ հարյուր կիլոյանոց քար դրված լիներ, բարձրացնել կարդալն էլ ծանր էր թվում։ Կարդալն էլ հա ընդմիջվում էր լացի փոռթկումներով․ գիրք է՝ քո մասին, քո մանկության, պատանեկության, քո վախերի, քո ընկերների, քո երկրի մասին։

Գրքի հրատարակումից հետո, մինչ կկարդայի վեպը, Գրիգի ու Արքմենիկ Նիկողոսյանի հարցազրույցը շատ տպավորեց, շատ փակագծեր բացեց գրքի մասին։ Մեր խնդիրը իրոք երևի թե որոշելն է՝ ինչ կողմնորոշում  պիտի ունենալ նման աշխարհաքաղաքական դիրքում։ Ռազմատենչ պապի ու խաղաղասեր հոր երկու ծայրահեղ կերպարներից, որը հենց մեր իրականության կերպարներն են, ո՞րն է ճիշտը, որտե՞ղ է միջինը, ո՞նց հասնել դրան։ Ես վեպում պատասխանը չգտա, կարծում եմ հեղինակը չէր էլ փորձում գտնել պատասխանը, քանի որ, գոնե թե ինձ թվում է, չկա էդ պատասխանը։ Իմ իմացած թերևս միակ պատասխանը կրթությունն է, իրական, նպատակաուղղված ու իմաստալից կրթությունը։ Պատասխանը երկրում՝ Հայաստանում մնալն է ու ամեն օր պայքարելը «միջինին» հասնելու համար․․․ բայց, օրինակ ես, «փախա», ես «փախա» հայկական իրականությունից։ Ես «փախա» ուրիշի բառերից, որոնք էնքան էին դարձել վախերն իմ, որ հոգեկան ու ֆիզիկական խնդիր էին դարձել։ Ես փախա բառերից, զրույցներից, երազներից, պատերից․․․պատերից փախա։

Բլոգիս նյութի մեջ մի պատմությունից թռնում եմ մյուսը, շեղվում եմ։ Նաև ողջ վեպն է էդպիսին։ 2016-ի ու 2020-ի պատերազմների պաշտոնական հաղորդագրություններն այնքան սահուն են գալիս ու մտնում վեպի տեքստի մեջ, որքան սահուն ու անընդհատ էին պատերազմական օրերին մեր ամեն վայրկյանի, օրվա, ապրումի, զգացումի ու կենցաղի մեջ մտնում նորությունները։

Վեպում շատ են միջատներն ու թռչունները։ Աղավնու խորհրդի մասին Գրիգն ինքն է պատմում Արքմենիկ Նիկողոսյանի հետ հարցազրույցում, որ խաղաղության խորհրդանիշն իրականում մահվան լրաբեր է ու այնտեղ է, ուր կա մահ։ Դե իհարկե, իսկ տեսե՞լ եք խաղաղություն առանց մահի։

«․․․ինչու՞ են մարդիկ հեռանում քո հաղթանակած երկրից, ու՞ր է գնում մարդկային այդ հորդաջուր հոսքը, ասում է, հայրդ կանգնել է հին տան դարպասի դիմաց ու քեզ է նայում, ու ձեռքի տոպրակի մեջ նոր գնած Զենիթ ֆոտոապարատն է, հիշի՛ր, ժողովուրդը ոչ թե հաղթած, այլ խաղաղ երկիր է ուզում, ասում է, հիշի՛ր, ամենուր նույնն է, ասում է, գիտեմ, ջանում էի ֆոտոխցիկիդ օբյեկտիվում որսալ թռչունին, ասելու ես, չէի կռահում, թռչունն աչքիս մեջ է, ասելու ես, գիտեմ, վայրի աղավնի է, գիտեմ․․․»։

Հետաքրքիր ձևով էին միջատներն ու կենդանիները թափանցում վեպ՝ ստեղծելով տհաճության, կարմիր ցանի ու սրտխառնոցի զգացում (տառական, խխունջ, ճանճ, մրջյուններ, կարիճ)։ Համացանցում փորձում էի գրականության մեջ միջատների սիմվոլիզմի մասին տեղեկություններ հավաքել, բայց այնքան հակասական ու տարբեր բացատրություններ էին, որ ամեն ընթերցող այս վեպի համար կգտնի իր բացատրությունը։ Ինձ համար միջատներն ու դրանց հետ համեմատություններն անչափ պատկերավոր էին դարձնում տեսարանները, ստեղծում էին անհարմարության զգացում ու ծանրություն, որոնք ամբողջացնում էին վեպի ինքնատիպ տեքստը։  

Friedensdorf-ը թարգմանվում է խաղաղության գյուղ, Գերմանիայում է, այստեղ բուժվելու են գալիս վիրավոր կամ հաշմանդամ երեխաներ պատերազմական կամ ճգնաժամային իրավիճակներում գտնվող երկրներից։ Թվում է՝ սա վայր է, ուր խաղաղ է, բայց վեպն ընթերցելիս տեսնում ենք, որ այստեղ գտնվող երեխաները չունեն ներքին հանգստություն, ու որ ազգային կարծրատիպերն արդեն հասցրել են ներծծվել նրանց մեջ,  ու այդ կարծրատիպերն ուղղորդում են նրանց մտքերն ու պահվածը։ «Ռուսախոսներով պիտի իրար հետ հաշտ լինենք, թե չէ էդ աֆղանները մեզ կհոշոտեն»։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ ռուսախոսները մեր բարեկամներն են, ինչի՞ է կարծիք ձևավորվել, որ ռուսախոսը հարազատ է (մինչև 15-16 տարեկանս կարծում էի, թե ռուսները մերոնք են, բոլոր մրցումային հաղորդումներում ուրախանում էի ռուսների հաղթանակներով)։ Տեսնես ուրիշ լեզուների իմացությունը չէ՞ր օգնի այլ լեզվակիրների հետ բարեկամանլու՝ ասենք Գերմանիայի, ԱՄՆ-ի․․․

«․․․կայսրությունը չունի ընկերներ, նայում եք, այն ունի թշնամիներ և ստրուկներ․․․»։

Ես գիրքը Գերմանիայում եմ կարդացել, որտեղ նաև ապրում եմ հիմա։ Ով գիրքը կարդացել է, կհասկանա՝ ինչի եմ ընդգծում էս փաստը։ Գրքում շատ կա հղումներ Գերմանիային, գերմանացիներին ու գերմաներենին։ Ես, ընդհանրապես, սկսել եմ չընդունել ցանկացած տիպի ընդհանրացումներ, ընդհանրական պատկերացումներ ու կարծրատիպեր այս կամ այն ազգի մասին։ Գերմանացին սենց ա, հայերն էսպես, ռուսներն, ուկրաինացիներն, սաղ թուրքերը, սաղ վրացիք․․․ երբեմն տհաճությամբ եմ լսում նման արտահայտություններ։ Էն որ լեզուն հսկայական նշանակություն ունի մարդու, հետևաբար նաև հասարակության ձևավորման վրա, դա՝ անխոս։ Գրքում  երեխա հերսների բերանով շատ կարծրատիպեր են հնչում՝ «ինչ կոպիտ լեզու է գերմաներենը», «բժիշկը ոնց կարող է դաջվածքներ ունենալ, հո նստած-հելած չի՞», «Գերմանիայում ծորակի ջուրը չեն խմում», «Գերմանիայում տառականներ չկան»։ Հեղինակի տեքստից պարզ է, որ տեքստն եկել է քանդելու էդ կարծրատիպերը, ոչ թե ամրապնդելու, որ կարևորը բովանդակությունն է, ոչ թե ձևը։

 Ընդհանրապես, վերջերս հասկացել եմ մի ճշմարտություն, որը դժվարանում եմ ձևակերպել, այն, որ նույն երկրի, տարբեր քաղաքների, քաղաքի տարբեր թաղամասերի, թաղամասերի շենքերի, շենքերում ապրող մարդկանց կենսակերպն ու պատմությունները իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ուր մնաց թե ընդհանրացումներ անենք երկրների մասշտաբով։ Ես ապրում եմ Գերմանական Քեմնից քաղաքում, ապրում եմ գերմանացու հետ, որը  Գերմանիայի Սաքսոնիա երկրամասում է ծնվել, որի ընտանիքի անդամները պահպանողական քրիստոնյաներ են։ Գերմանիայի էս հատվածն համարվում է ամենաազգայնամոլ ու պահպանողականներից մեկը։ Ես լսում եմ ու ականատես եմ լինում (երբեմն ինքս ուղղակիորեն բախվում) ռասիզմի տարբեր դրսևորումների։ Էս քաղաքում հիմնակում ծերեր են ապրում, ու անժպիտ, անհրապույր ու անկյանք երիտասարդներ։ Քաղաքի գովազդային պաստառների դիզայնի վրա Երևանում ուղղակի բարձր-բաձր կխնդան․ ոնց որ 90-ականներից մնացած պաստառներ լինեն։ Շատ հաստատություններում քարտային վճարումներ չեն ընդունում ու խնդրում են առձեռն վճարել։ Քաղաքային միջոցառումներն էնքան հնացած ու անհետաքրքիր են (թերևս ինձ համար), որ ազատ օրերիդ անգամ գնալու տեղ չկա։ Չհաշված, որ լեզուն ու մշակույթն ինձ համար դեռ մնում են օտար ու ոչ էդքան հաճելի։ Եթե ես էս ամենից հետո ասեմ՝ «Գերմանիան ռասիստ, դժբախտ ծերերի ու երիտասարդների, պահպանողական-քրիստոնյա ընտանիքների հետամնաց երկիր ա», ճի՞շտ կլինի իմ ընդհանրացումը, իհարկե՝ ոչ։ Բեռլինում, Քյոլնում, Բրեմենում ու Գերմանիայի հազարավոր այլ բնակավայրերում ապրող հայերը կամ այլ ազգության ներկայացուցիչները գիտեն ընդհանրապես այլ Գերմանիա, այլ պատկեր։ Ես տեսնում եմ արևելյան Գերմանիայի (նախկին DDR) Քեմնից քաղաքի կյանքը միայն, և ուրեմն չեմ կարող ընդհանրացումներ անել Գերմանիայի մասին։ Երևանում ապրողը չի կարող ընդհանրացումներ անել Հայաստանի մասին, Երևանում ապրող գրողն ու սուպերմարկետի մենեջերը, փոքր կենտրոնում ու Մասիվում ապրողներն ունեն լրիվ տարբեր մտածելակերպ և պատկերացում Հայաստանի մասին, թերևս տարբեր ազգային արժեքներ, երազանքներ ու դրանց հասնելու ճանապարհներ։

«Իսկ թե ուր է մնացել ազգային իմ երազանքը, և ինչ եմ անում այստեղ» հարցն ինձ հետապնդում է ամեն օր, ու ինչպես միշտ, չկա պատասխանը․․․

Հատվածներ վեպից․

․․․ու մեղավոր լինելու անմեկնելի զգացողությունը խտանում է, անընդհատ ուզում ես նայել, ու մեղքի հանկարծահաս զգացողությունը ստիպում է վարանել, դեռ չգիտես՝ ապրելու ուժ գտնելն անխոստովանելի ուրախությունն է տեսնել քեզնից դժբախտներին․․․

․․․թևդ լավանա՝ անպայման կառնեմ, գնաս, գաս, հեծանիվ եմ առնելու, ասում է հայրդ ու նորից փոքրանում է, օրորվում են, որոշում ես այլևս չխոսել, որ չփոքրանա․․․

․․․քոնը զգուշավորություն չէ, վախ է, ծիծաղում են, քո պատկերացումը քո թշնամին է, գիտեմ․․․

․․․ինչու՞ են մարդիկ հեռանում քո հաղթանակած երկրից․․․ու՞ր է գնում մարդկային այս հորդաջուր հոսքը, ասում է ․․․հիշի՛ր, ժողովուրդը ոչ թե հաղթած, այլ խաղաղ երկիր է ուզում, ասում է, հիշի՛ր, ամենուր նույնն է․․․

․․․կանայք պատերազմի չսպիացող վերքն են, ո՞վ կուզի անկողին կիսել, երեխա մեծացնել մարդ գլխատողի հետ․․․

․․․հերդ վախենում է ուժից, հերդ ատում է ուժը, հերդ հավատացած է, որ ուժն է ճնշում խեղճերին, իսկ ինքը նկարիչ է, իսկ նկարիչը, պոետը, ռեժիսորը ճնշվածի կողմից են , չէ՞, ասում է, արվեստի մարդու կուրությունն է՝ անվերջ փնտրել զոհի՝ չնկատելով ինքն իրեն․․․

․․․Նաիրին միֆ չէ, ասում է, եթե միֆ էլ է, իմացիր՝ միֆը խեղճերի ձեռքում է թուլություն, ուժեղները դրանից կրոն, զորք, պետություն են սարքում․․․

․․․վախը չվերջացող մահ է, վախը ամենասարսափելի բանն է, որ կարող է պատահել քեզ հետ․․․

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑